Վենեսուելայի բանակի մայորը հայտարարել է ընդդիմության կողմն անցնելու մասին
Վենեսուելայի Զինված ուժերի մայոր Ուգո Էնրիկե Պարա Մարտինեսը հայտարարել է ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցության մասին: Մայորի հայտարարության տեսագրությունը, որն արվել է Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանի մոտ, հրապարակվել է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի թվիթերյան էջում:
«Ես, մայոր Ուգո Էնրիկե Պարա Մարտինեսս, ճանաչում եմ Խուան Գուաիդոյին որպես մեր նախագահ և պայքարելու եմ Վենեսուելայի ժողովրդի հետ», - հայտաարել է նա:
Ավելի վաղ Վենեսուելայի Ազգային գվարդիայի մի քանի զինվորական երկու զրահամեքենայով ճեղքել են Կոլումբիայի հետ սահմանին տեղակայված ժամանակավոր պատնեշը և ներխուժել Կոլումբիայի տարածք, որի հետ սահմանը Վենեսուելայի իշխանությունները փակել էին և զորքեր տեղակայել:
Գուաիդոն բազմիցս նշել է, որ արտերկրից հումանիտար օգնությունը Վենեսուելա կժամանի փետրվարի 23-ին: Նրա խոսքով՝ իշխանությունները փորձելու են խանգարել դրա մատակարարմանը, սակայն ընդդիմությունը կամավորների միջոցով այնուամենայնիվ կկարողանա բաժանել սննդամթերքն ու դեղորայքը բնակչությանը: