Չինաստանում հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը դանակով հարձակվել է ամբոխի վրա, կան տուժածներ
Չինաստանի արևելյան Ցզյանսի շրջանի Ցզիան քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ամբոխի վրա, հաղորդում է CTV News հեռուստաալիքը:
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Ոստիկանության աշխատակիցներին և անցորդներին հաջողվել է կանգնեցնել տղամարդուն: Հարձակման հետևանքով 11 մարդ է տուժել, որոնց հիվանդանոց են տեղափոխել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալներով՝ հարձակում կատարած անձը 33-ամյա տեղացի է: Հարազատների խոսքով՝ նրա մոտ հոգեկան շեղումներ են առկա:
Հունվարին Չինաստանում դանակով հարձակման ևս մի դեպք էր գրանցվել. տղամարդը հարձակվել էր անցորդների վրա՝ սպանելով 1 և վիրավորելով 19 մարդու, ապա գետն էր նետվել: