Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ Տավուշի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 30 փամփուշտ, կրակված պարկուճներ, վնասված Lexus. shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։
Կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։
Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կրակված պարկուճներ և ինքնաձիգի 1 հատ պահունակ։
Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։