Արտակ Զեյնալյանի հետ հանդիպելու պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալին նախարարը դեռ չի այցելել, կայցելի հերթական այցի ընթացքում
Փետրվարի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը և փետրվարի 12-ից հացադուլ հայտարարած Արմեն Խաչիկյանը դեռ չեն դադարեցրել հացադուլը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանը պահանջում էր հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, ով դեռ չի այցելել դատապարտյալին:
Tert.am-ը արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե երբ է նախարարն այցելելու ցմահ դատապարտյալին և ինչու մինչ այս չի այցելել: «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ և դրանց ընթացքում հանդիպում իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը»,-ասաց նա: