Մարդիկ կան, որ ԵԿՄ-ի վկայական ունեն, բայց չգիտեն, թե ինչ բան է սահմանը, իսկ Սասուն Միքայելյանն այն մարդն է, որ կմաքրի նրանց. ԵԿՄ անդամ
Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ բաներ է ասում, կա´մ պետք է լուծարվեր ԵԿՄ-ն, կա´մ կռված տղաներին հասցնեին իրենց նպատակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ Գագիկ Մելքոնյանը` անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարել հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը:
«Եթե նախարարությունը կստանձնի այս կառույցի աշխատանքների իրականացումը, ապա թող լուծարեն, սակայն չեն կարող, քանի որ նախարարությունում այնքան հարցեր կան, որ կգցեն ականջի հետև»,-ասաց նա:
Անդրադառնալով Սասուն Միքայելյանի ԵԿՄ նախագահի պաշտոնում թեկնածությանը՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այսօր միակ թեկնածուն, որ պետք է լինի Սասուն Միքայելյանն է, եթե հաշվենք իր անցած մարտական ուղին: «Սասուն Միքայելյանը կհասկանա կռված տղերքին, հաշմանդամներին, ազատամարտիկներին: Մարդիկ կան ԵԿՄ-ի վկայական ունեն, բայց չգիտեն, թե ինչ բան է սահմանը, իսկ Սասուն Միքայելյանը այն մարդն է, որ մաքրի դրանց բոլորին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ միշտ իշխանության մարդ է լինում ԵԿՄ նախագահ, և խնդիր չէ՞, որ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նախագահ է, ազատամարտիկը նշեց. «Ես հաշվի չեմ առնում Սասուն Միքայելյանը պատգամավոր է, թե ոչ, ես հաշվի եմ առնում իր անցած ճանապարհը, իր մարդ տեսակը, ինքը չի նայում մեկը գեներալ է, թե շարքային զինվոր է, բոլորին մի աչքով է նայում»: Նա բացառեց, որ Սասուն Միքայելյանը կուսակցական շահերով կառաջնորդվի և կարծում է՝ կուսակցական լինելը խոչընդոտ չի լինի:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի կողմից նախկինում միաձայն Մանվել Գրիգորյանի թեկնածությանը կողմ լինելուն, իսկ հիմա էլ Սասուն Միքայելյանի թեկնածությանը, այնինչ նրանք հակառակ բևեռներում էին գտնվում, ԵԿՄ անդամը նշեց, որ Մանվել Գրիգորյանին նույն կերպ չի վերաբերվել, ինչպես Սասուն Միքայելյանին:
«Ամեն ինչ իրենք իրենցով են նշանակել, չեն ընտրել: Այն ժամանակ ի վերջո Մանվել Գրիգորյանին առաջադրել է Սերժ Սարգսյանը»,-ասաց նա և նշեց, որ երբեք համամիտ չի եղել Մանվել Գրիգորյանի հետ: Նա հարց բարձրացրեց, որ թե որտեղ է կռվել Արման Գրիգորյանը, ով դարձել է Էջմիածնի ԵԿՄ նախագահ: