ՀՀ-ն և ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին. ԱԳՆ արձագանքը ԱՄՆ պետքարտուղարությանը
Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:
Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ՝ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին ի պատասխան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «պաշտոնական Վաշինգտոնը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով»:
«Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին:
Հայկական հանրային կարծիքը խոր մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը մի երկրի մասին է, որն առանցքային ներդրում է ունեցել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում:
Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին:
Հարաբերական անդորրի ու անվտանգության հաստատումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործունեության բարելավմանը:
Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:
Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»,- ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ: