Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Ինչպես ասվում է համալսարանի կայքում, Դիրան Ապելյանը, լինելով ողջ աշխարհում ճանաչված մասնագետ մետաղագործության և վերամշակման բնագավառում, կդառնա Ուորսեսթերի համալսարանի Ինժեներական մեխանիկայի ֆակուլտետի առաջին ներկայացուցիչը, որին կհանձնվի այս մրցանակը:
Նշվում է, որ «Նորարար 2018» մրցանակը հայազգի գիտնականին կհանձնվի պաշտոնական արարողության ժամանակ, որը կկայանա համալսարանում նոյեմբերի մեկին:
Դիրան Ապելյանը ծնվել է 1945-ին Եգիպտոսում: Իր գիտական գործունեությունն ինժեներական մեխանիկայի ոլորտում նա սկսել է ԱՄՆ-ում: Նա հանդիսանում է ավելի քան 700 գիտական հոդվածի և 11 մենագրության հեղինակ: Գիտության ոլորտում նվաճումների համար Ապելյանը մի շարք մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: 2008 թվականից Դիրան Ապելյանը հանդիսանում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ: