Նյու Յորքում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին РИА Новости-ն տեղեկացել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հիշեցնենք, որ երեկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին, Արգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, թե որպեսզի հանդիպեն երկրների ղեկավարները, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ապա այդ հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի և պետք է ունենա բովանդակություն:
«Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակնեի դառը փորձ, երբ պայմանավորվում էինք, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Այո՛, Փաշինյանը շեշտել էր, և ասա առաջին անգամը չէր, պարզապես առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը գնում է ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Դուք այդ ձևակերպումներն ինձնից էլ լավ գիտեք»,– ասել էր Տիգրան Բալայանը: