ՃՏՊ Երևանի Աճառյան փողոցում. կա տուժած
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Թ. Մ., ծնված 1994 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը. բախման հետևանքով սյունը թեքվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Վարորդը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել գազի բալոնի փականը: