Մադուրոն անօրինական է անվանել ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, սակայն պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում, անօրինական է անվանել իր երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որոնց մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Երեկ (երեքշաբթի- Tert.am) ԱՄՆ նախագահն այս նույն ամբիոնից հայտարարել է նոր պատժամիջոցների մասին: Միակողմանի պատժամիջոցներն անօրինական են համարվում միջազգային իրավունքի տեսանկյունից»,- հայտարարել է Մադուրոն:
Նրա խոսքով՝ Վենեսուելան դարձել է ԱՄՆ-ի իշխանությունների վարած քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության և անգամ լրատվամիջոցների մշտական ագրեսիայի զոհը, ինչը պայմանավորված է նրանով, որ «Վենեսուելան որոշել է կառուցել հասարակության սեփական մոդելը՝ հիմնված մեր ժողովրդի պատմական արմատների և ամբողջ տարածաշրջանի անհատական մշակույթի վրա»:
Միևնույն ժամանակ՝ Մադուրոն հաստատել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Կարծես թե նա (Թրամփը- Tert.am) ասաց, որ եթե դա կօգնի Վենեսուելային, ապա նա պատրաստ է (հանդիպել- Tert.am): Այս ամբիոնից ես հաստատում եմ. չնայած գաղափարական, սոցիալական ու պատմական տարբերությանը, ես՝ ավտոբուսի վարորդս, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսս, պատրաստ եմ սեղմել նրա ձեռքը և նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի խոսեք երկկողմ հարաբերությունների և մեր տարածաշրջանին առընչվող հարցերի մասին»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը: