Թրամփը բացատրել է՝ ինչու են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցներն իր ելույթը ծիծաղով ողջունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում իր ելույթին ներկա գտնվողները ծիծաղել են ոչ թե իր վրա, այլ իր հետ, գրում է РИА Новости-ն:
«Նրանք չէին ծիծաղում ինձ վրա: Նրանք ծիծաղում էին ինձ հետ: Մենք ուրախ էինք»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավար՝ չբացատրելով, սակայն, թե ինչու է այդպես կարծում:
Թրամփի խոսքով՝ ինքը կանգնած էր մի խումբ պրոֆեսիոնալների առջև, որոնք հակված չեն ժպիտներ ու ծափահարություններ շռայլելուն: Աղմուկ լսելով՝ նա հայտարարել է «Մեր երկիրն ավելի ուժեղ է, քան երբևէ: Դա ճիշտ է»: Այս խոսքերից հետո ներկաները սկսել են ծիծաղել, ինչը մի փոքր շփոթեցրել է նախագահին: «Ես, իհարկե, նման արձագանք չէի սպասում, բայց դա նորմալ է»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստում սկսել է՝ պատմելով, թե ինչպես են գործերն ընթանում Միացյալ Նահանգներում իր՝ Սպիտակ տուն գալուց հետո: Ավանդույթի համաձայն՝ նա նշել է, որ «երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում» ավելիին է հասել, քան իրեն նախորդած նախագահները նույն ժամանակահատվածում: Հենց այդ խոսքերն էլ ունկնդիրները ծիծաղով են ընդունել: