Ռուսական C-400 համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին․ «Рособоронэкспорт»
Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին, այս մասին գրում է vedomosti.ru-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միխեևի արած հայտարարությանը։
«Պայմանագիրն իրականացվում է նախապես համաձայնեցված ժամկետներում։ 2019-ին մենք կսկսենք պայմանագրի կյանքի կոչումը», - ասել է ռուս պաշտոնյան։
Նշվում է նաև, որ զինտեխնիկայի համար վճարումները կիրականացվեն երկու երկրների ազգային արժույթներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային:
2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար: