«Թուրքիայի դեմ պատժամիջոցները դառնում են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի օտարացման պատճառ»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հոդված է հրապարակել ամերիկյան USA Today պարբերականի էջերում։
Թուրք նախարարը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին կարգավորել Թուրքիայի հետ առկա լարվածությունը դիվանագիտական ճանապարհով՝ հիշեցնելով Թուրքիայի կարևոր ռազմավարական դիրքը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն ու նոր պատժամիջոցների սպառնալիքները դառնում են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի մեկուսացման ու «օտարացման» պատճառ։
«Թրամփը պետք է մաքսատուրքերը բարձրացնելու փոխարեն փորձի ապավինել դիվանագիտական ճանապարհին»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային պայքարում՝ թույլ տալով ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային օգտվել Ադանայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի աղմկահարույց դատական գործը։ Ի հեճուկս ԱՄՆ-ի պահանջների՝ Թուրքիան հրաժարվում է արտահանձնել հոգևորականին։