Մեր ժամանակներում բոլորն իրենց չորս կողմը նայում են, բայց ոչինչ չեն տեսնում, «Հայելու միջով» ֆիլմը հենց տեսնելու մասին է. ռեժիսոր
Մեր ժամանակներում բոլորն իրենց չորս կողմերը նայում են, բայց ոչինչ չեն տեսնում, «Հայելու միջով» ֆիլմը հենց տեսնելու մասին է. Կինոյի տանը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված «Հայելու միջով» ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արսեն Առաքելյանը:
Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես են կույր մարդիկ ընկալում օպտիկական իրողություն ներկայացնող արվեստը:
«Այն մարդիկ, ովքեր թվում է, թե չեն տեսնում, շատ ավելի լավ են նայում ու գնահատում իրենց ձևով տեսածը: Ֆիլմում մի քանի անգամ հնչեց, որ արվեստը շրջանակներից դուրս է և այդպես պետք է լինի արվեստը, որ տեսնող-չտեսնող, կրթված, թե չկրթված հասկանա»,-ասաց նա:
Արսեն Առաքելյանը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը: «Գնացել էի գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսին և նկատեցի, որ ցուցահանդեսի բացմանը ոչ ոք նկար չի նայում, կոլաժները ոչ ոք չի նայում, բոլոր եկել են միմյանց հետ զրուցում են, ամեն ինչ անում են՝ բացի նկար նայելուց: Դրանից հետո իմ մոտ մտահղացում առաջացավ, և ես Կույրերի մշակույթի պալատից կույրերին բերեցի, ովքեր եկան նկարները՝ շոշափելու միջոցով նայելու: Հետո ավելի զարգացավ, երբ որ ես արվեստ լսեցի, օրինակ՝ կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ում մոտ կոլաժը ձեռքերով շոշափելով տեսնելուց հետո երաժշտություն է ծնվում, ինչպես մեր մոտ, երբ ինչ-որ բան տեսնում ենք և դրանից նոր բան է ծնվում»,- ասաց նա:
Թիրախը գլխավոր հերոսների միջավայրն է, որը նրանց հիշեցնում է մի զուգահեռ աշխարհի գոյության մասին, աշխարհ, որն ըմբռնման և հարգանքի կարիք ունի: Ֆիլմի անվանումը ճշգրտորեն արտացոլում է իրավիճակը. տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին:
Ռեժիսորի խոսքով՝ կույրերը, ովքեր տարբեր արվեստներով են զբաղվում, ֆիլմի հերոս են ընտրվել ոչ թե այն պատճառով, որ կույր են, այլ իրենց առանձնահատուկ, տաղանդավոր լինելու համար: «Այստեղ որևէ մանիպուլյացիայի հարց չկար, որ ֆիլմը կույրերի մասին է, նայեք ֆիլմը, այլ այն, թե իրենք ինչպես են ընկալում արվեստը և դրանից նոր արվեստ ստեղծում»,-ասաց նա:
Ի դեպ, ռեժիսորը ֆիլմում վավերագրական նյութը գեղարվեստական լուծումներով էր ներկայացրել: «Երբ իրենք շոշափելով նայում էին կոլաժները և մեկնաբանում էին իրենց ընկալածը, ես չգիտեմ՝ հաճույքից ինչ էր կատարվում հետս, և այդ հաճույքի կադրերը փորձել եմ փոխանցել: Դա այն մեկնաբանությունն էր, որոնք նրանց կողմից արվում էր, և իմ պատկերցմամբ՝ իրենք ևս հենց այդպես են պատկերացում»,-ասաց նա և հավելեց, որ ինքը որպես ռեժիսոր չի կարող տեղի ունեցածին չմիջամտել:
Արսեն Առաքելյանը 1995-2000 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կինոյի բաժնում: 1995-2002 թթ. եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասան: 2003-ին արվեստագիտության թեկնածուի աստիճան է ստացել: 2002-ից աշխատում է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, 2004-ից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: