Եգիպտոսում կապիկները փախել են դպրոցի գազանանոցից ու խուճապ առաջացրել
Եգիպտոսի Դումյատ քաղաքում ամառային արձակուրդի ժամանակ մասնավոր դպրոցի գազանանոցից մի քանի կապիկ է փախել՝ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում:
Ինչպես նշում է Youm7 թերթը, կապիկները մտել են մասնավոր տներ, ցատկել բազմահարկ շենքերի պատշգամբներում, փչացրել ծառերն ու գույքը, հարձակվել իրենց հետ խաղալ փորձող երեխաների և մեծահասակների վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքի բնակիչները դիմել են դպրոցի տնօրինությանը, և բոլոր կապիկներին հաջողվել է բռնել: Մարդկանց հավաստիացրել են, որ նման բան այլևս չի կրկնվի, սակայն հաջորդ առավոտյան քաղաքի բնակիչները կրկին տեսել են կապիկներին իրենց պարտեզներում և պատշգամբներում ու ստիպված են եղել դիմել ոստիկանություն:
Անասնաբույժները ենթադրել են, որ կապիկները ձանձրացել են դպրոցում և փորձել ինքնուրույն շփում հաստատել մարդկանց հետ: Այժմ ոստիկանությունը կստուգի դպրոցն ու գազանանոցը: