«Եթե ադրբեջանցիները կարողանային օգտվել Google-ից, կգտնեին բոլոր հարցերի պատասխանները». Լապշինը՝ «հայերից ստացած փողերի» մասին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում կիսվել է իր եկամուտների, մասնավորապես ֆոնդային շուկաներում ներդրումների մասին 2010 թվականին Forbes-ում հրապարակված հոդվածով և անդրադարձել է ադրբեջանցիների տարածած լուրերին, թե նա ֆինանսավորվում է հայերի կողմից:
«Անկեղծ ասած՝ ինձ համար անգամ ձանձրալի է ծիծաղել իմ «հայկական» փողերի մասին ադրբեջանցի գործիչների անիմաստ հայտարարությունների վրա: Այդ մարդիկ իսկապես ապրում են Քարի դարում և անգամ չեն փորձում ինքնակրթվել, զարգանալ, ինչ-որ բանի հասնել կյանքում: Նրանց այդպես լավ է: Ընդունենք դա հարգանքով՝ որպես նրանց մշակույթի մի մաս»,- գրել է Լապշինը:
Բլոգերը նշել է, որ ադրբեջանցիները վստահ են, որ ինքն աշխարհով շրջում է հայերի հաշվին և Ադրբեջանը վարկաբեկելու նպատակով:
«Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ դա ճիշտ է, ռեժիմը պետք է պատժվի: Առաջինի հետ կապված՝ անհեթեթություն է: Նախկինում ես ուզում էի հարցնել բաքվեցիներին՝ դուք իսկապե՞ս կարծում եք, որ իսրայելական դպրոցն ավարտելով՝ ես այլ բան չեմ անում, քան զրպարտություններ գրում Ադրբեջանի դեմ և գումարներ վերցնում սարսափելի դաշնակներից»,- գրել է Լապշինը:
Բլոգերը նշել է, որ եթե ադրբեջանցիները կարողանային օգտվել Google-ից, կգտնեին բոլոր հարցերի պատասխանները: