Սփյուռքը չպետք է դիտարկել միայն որպես ֆինանսական միջոցների աղբյուր․ ՀԲԸՄ-ում ներկայացվեց Together4Armenia հարթակը
Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ Together4Armenia հարթակի շնորհանդեսը, որի պատրաստմամբ զբաղվել է ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչությունը և որի ստեղծմանն աջակցել է Եվրոպական Միությունը: Հարթակը միջոց է դառնալու հայկական Սփյուռքի, մասնավորապես՝ տարբեր երկրներում ապրող տարբեր երիտասարդ մասնագետների համար՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը իրենց փորձով, կարողություններով աջակցելու համար:
Հարթակը ներկայացնողներից ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յագուբյանը նշեց, որ իրենց գործունեության ընթացքում զգացել են, որ Սփյուռքի քաղաքացիական հասարակությունը կարող է մեծ դեր խաղալ Հայաստանի զարգացման գործում: Նրանց հայաստանյան կյանքում ներգրավելու միջոցներից մեկն էլ, նրա խոսքով, Together4Armenia նախաձեռնությունն էր, որը հմտությունների փոխանցման հարթակ է:
«Սփյուռքը չպետք է դիտարկել միայն որպես ֆինանսական միջոցների աղբյուր: Ո՛չ, Սփյուռքը շատ ավելին է: Մենք վիթխարի ներուժ ունենք, վիթխարի ռեսուրսներ ունենք, որոնք կարող են աջակցել այս երկրի զարգացմանը, այս երկրի շենացմանը, ամրացմանը»,- ասաց նա:
Յագուբյանը հավելեց, որ իրենք հպարտ են, որ իրենց գործունեության շրջանակներում համագործակցում են նաև ՄԱԿ-ի և վերջինիս տարբեր բաժինների հետ, ինչպես, օրինակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որը զբաղվում է Սիրիայից Հայաստան եկած փախստականների հարցերով:
«Մենք շատ հպարտ ենք, որ կարողացել ենք այս գործընկերությունը հաստատել: Ավելի քան մեկ տարի առաջ պայմանագիր կնքեցինք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ այս հարթակի վրա միասին աշխատելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ վստահ է, որ համատեղ նախաձեռնությունից դրական արդյունքներ կքաղեն:
«Մենք մասնակցում ենք այս ծրագրին երեխաների համար»,- հարթակի ներկայացմանն իր ելույթում ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Այնուհետև նա ավելացրեց, որ իրենք մշտապես գնահատում են Հայաստանի տարբեր վայրերում եղած երեխաների կարիքները: Հիմա, ըստ նրա, տեսնում են ներուժ, որը կարող է զարգացվել:
Նա հիշատակեց, որ Together4Armenia հարթակը ձևավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության և իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:
««Together4Armenia»՝ «Միասին անենք Հայաստանի համար» անվանումը շատ պատշաճ է ընտրված նման ծրագրի համար,- նշեց նա՝ հավելելով, որ դա հնարավորություն է սփյուռքյան հասարակական կազմակերպությունների համար իրենց գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի զարգացման համար,- իհարկե, գումարը կարևոր է, բայց շատ ավելին է կարող և պատրաստ է Սփյուռքը տալ»: