Եթե Տարոն Մարգարյանը հրաժարական չի տվել, ինչո՞ւ անձամբ չի հերքում Facebook-ով, Twitter-ով. Դավիթ Խաժակյան
Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չի տվել, ուրեմն ինչո՞ւ դա չի հերքում անձամբ՝ FB-ով, Twitter-ով, այլ դա անում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Tert.am–ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«Եթե նա հրաժարական չի տվել` նա կարող է այդ մասին իր պատին գրել, իր «Ինստագրամ»-ի, Twitter-ի էջերում գրել, որ «ես շարունակում եմ պաշտոնավարել», որ իր մոտ ոչինչ չի փոխվել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Դավիթ Խաժակյանի՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո հերքեց «Ելք» խմբակցության ղեկավարին՝ ասելով, որ չի տվել հրաժարական:
Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ Մարգարյանն այսօր հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ:
«Փաստորեն, քաղաքապետը բավականին շուտ կազդուրվեց երեկվա նիստին բացակայելուց հետո, որի պատճառը, ինչպես նշում էր փոխքաղաքապետը, Տարոն Մարգարյանի առողջականն էր: Բայց նաև տարօրինակ է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում և էջում հրապարակված են փոխնահանգապետի բոլոր հանդիպումները և լուսանկարները` բացառությամբ քաղաքապետի հետ հանդիպումներից»:
Հարցը, թե այդ դեպքում ինչ նպատակ է հետապնդում Տարոն Մարգարյանը՝ դիմում է գրել ու գաղտնի է պահո՞ւմ, Դավիթ Խաժակյանն առաջարկեց ուղղել Տարոն Մարգարյանին: