Շատ լավ եմ ճանաչում եմ ԿԳ փոխնախարարին, նրա նկատմամբ մեղադրանքներն ակնհայտորեն անիրավացի են. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԿԳ նախարարին ու փոխնախարարին ուղղված մեղադրանքներին՝ նշելով, որ ճանաչելով փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին՝ կարծում է, որ նման մեղադրանք հնչեցնողն իրավացի չէ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարարը ներխուժել են Ինստիտուտ, մասնավորապես՝ իր աշխատասենյակ, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իր առանձնասենյակ այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Հայկ Դեմոյանը հնչեցրել էր բազում այլ մեղադրանքներ, որոնցից մեկն էլ այն է, որ գիտության ոլորտում «զոքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրված ոչինչ չի անցում»:
Ստեփան Դանիելյանի պատասխան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հայկ Դեմոյանը մեղադրանքներ է ներկայացրել ԿԳ նախարարին և փոխնախարարին:
Փոխնախարարին` Հովհաննես Հովհաննիսյանին, շատ լավ եմ ճանաչում` երկար տարիներ, ու սա այն եզակի դեպքերից է, երբ չեմ կարող կարծիք չհայտնել:
Նախ, չգիտեմ, թե դա ինչ կոնֆլիկտ է, ու ով է մեղավոր, ով մեղավոր չէ, սակայն մեղադրանքները` կոնկրետ Հովհաննեսի նկատմամբ, ակնհայտորեն անիրավացի են:
Հովհաննեսի հետ արտասահմանում մոտ 10 միջազգային գիտական կոնֆերանսների եմ մասնակցել: Իր զեկույցներում միշտ փայլել է կոմպետենտությամբ, որոնք միշտ դրականորեն են ընդունվել: Տեղյակ եմ իր մի շարք գիտական փայլուն հոդվածներին, որոնք տպագրվել են աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերում, նաև միասին մի քանի հետազոտություններ ենք իրականացրել:
Կրոնագիտության ոլորտում Հովհաննեսի որակի մասնագետներին մի ձեռքի մատների վրա է կարելի հաշվել:
Իսկ ինչ վերաբերվում է սեռական կողմնորոշմանը, ոչ մի բացասական վերաբերմունք չունենալով գեյերի հանդեպ, պետք է ուղղակի ճանաչել Հովհաննեսին, հասկանալու համար, թե որքան անհեթեթ է այդ «մեղադրանքը»:
Սա արդեն բոլոր սահմանների վերացում է: Այդքան ցածր իջնելն անթույլատրելի է»: