ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը:
Վերջինս վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
Հրատապ բանաձևը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:
Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: