ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Չպետք է խոչընդոտենք նախաքննությանը՝ նկատի ունենալով նաև անմեղության կանխավարկածը, բայց մենք պետք է հետևողական լինենք. եթե հաստատվեն կասկածները, ապա օրենքի ամբողջ խստությամբ պատժենք: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ փակ նիստի ավարտից հետո՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցին։
«Մենք համաձայնություն ենք տալիս, հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, պետք է համաձայնության տա նաև քրեական գործի համար»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Մանվել Գրիգորյանը քրեական գործի ժամանակ հնարավորություն ունի ի պաշտպանություն իրեն հիմնավորումներ բերել: Նա շեշտեց, որ արդեն իսկ իրենց հայտարարությամբ մեջ նշել էին, որ սա ոչ միայն քաղաքական ու իրավական խնդիր է, այլև բարոյական հարության մեջ է:
«Անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել են նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Միևնույն ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը մատնացույց արեց, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ: Անկախ ամեն ինչից, պատգամավորը հայտարարեց, թե ինքն անակնկալի է եկել ԱԱԾ բացահայտումներից, բայց նաև հավելեց, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենքից տեղյակ է եղել: