Մանվել Գրիգորյանին և՛ դատախազն է պատժելու, և՛ Աստված, հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանին և՛դատախազն է պատժելու, և՛ Աստված, հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին:
«Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Եթե Մանվելը լսեր ասածս, երկրապահի սոված ժողովրդին կբաժաներ կամ կթափեր: Հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող»,-ասաց Սեյրան Սարոյանը, ով Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերն էր համարվում:
Սեյրան Սարոյանի խոսքով՝ տեղի ունեցածը խայտառակություն է, իսկ ինքը տեղյակ չի եղել Գրիգորյանի պահեստների պարունակությունից:
«Ես մտածում եմ՝ ինքն իմ երեսին ո՞նց է նայելու, այնպիսի երդումներ է կերել»,-ասաց նա և հորդորեց, որ Մանվել Գրիգորյանի օրը չընկնելու համար բոլորը վերադարձնեն բանակից գողացածը՝ հավելելով, որ ինքը ոչինչ չի գողացել։
«Երեկվանից շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս: Ինչի՞ գողանալ, պետությունն ամեն ինչ տվել է, ինձ էլ հորս գործարանը, իրեն՝ հացի փուռ, շուկա, ամեն ինչ տվել է, ինչի էս պետությունը թողել էր մեզ սովա՞ծ, որ գնանք «տուշոնկա» գողանանք»,- նշեց Սեյրան Սարոյանը։
Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալելու օրը մտածում էր, որ նրան ապօրինի զենք պահելու համար են ձերբակալում: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Հիմա թող իրան ճղի, ասի՝ էդ «տուշոնկեն» էս կամ էն ճանապարհով է մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան»:
Մանրամասները՝ տեսանյութում: