Գերմանիայի ժողովուրդը երես է թեքում իր ղեկավարությունից. Թրամփը քննադատել է Մերկելի միգրացիոն քաղաքականությունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արված գրառումներում քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարած միգրացիոն քաղաքականությունը:
«Գերմանիայի ժողովուրդը երես է թեքում իր ղեկավարությունից, իսկ մինչ այդ միգրացիան խարխլում է առանց այն էլ խոցելի բեռլինյան կոալիցիան: Գերմանիայում շատ բարձր է հանցավորության մակարդակը: Ամբողջ Եվրոպան մեծ սխալ է գործել՝ մուտքի թույլտվություն տալով միլիոնավոր մարդկանց, որոնք այդքան ուժեղ ու դաժան փոխել են նրանց մշակույթը»,- գրել է 72-ամյա ղեկավարը:
Սրան հաջորդել է նախագահի հաջորդ գրառումը, որում նա նշել է. «Մենք չենք ցանկանում, որ Եվրոպայում ստեղծված միգրացիոն վիճակը կրկնվի մեզ մոտ»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մերկելի՝ փախստականների առաջ «բաց դռների» քաղաքականությունը լուրջ հակասությունների պատճառ է դարձել իշխանական կոալիցիայում: Երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը Մերկելին ժամանակ է տվել միգրացիոն խնդրին համաեվրոպական լուծում տալու համար: