ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու մասին հարցն է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։
Ազգային ժողովի կայքում ասվում է, որ օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել։
Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո կգումարվի մեկ այլ արտահերթ նիստ կառավարության սահմանած օրակարգով։ Կքննարկվի «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը առաջին և երկրորդ ընթերցմամբ, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն առաջին և երկրորդ ընթերցմամբ և մի շարք այլ հարցեր։