Նման արարքը դավաճանություն է պետության նկատմամբ. ըստ Գ. Կոստանյանի՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)
Բոլորի համար սա շոկ է, որովհետև Մանվել Գրիգորյանը չէ, ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Բայց նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը՝ ես կարծում եմ՝ մենք դեռևս չենք կարող իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին»,-ասաց նա:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ կոնկրետ անձամբ ինքը միանշանակ կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու հարցում:
«Եվ ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով. նախ, այո, սա բացարձակ անթույլատրելի է, և որևէ այլ կերպ, քան դավաճանություն նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք՝ առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրականացնել, ապացուցել և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց և պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որ այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ նման քվեարկությունը հնարավորություն կտա նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնել:
«Որպեսզի տեսնենք, թե ով է ոտնձգություն կատարել մեր ժողովրդի սրբության սրբոցի նկատմամբ»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ նրա՝ պետական օղակից կա՞ն ներգրավված այլ անձինք, Կոստանյանը նշեց, որ չի կարող նման գնահատական տալ, և դրանով է նաև պայմանավորված իր կողմ քվեարկությունը, որ նախաքննական մարմինը կարողանա ողջ ծավալով քննություն իրակացնել, բոլոր հանգամանքները պարզել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Իսկ թե ըստ նրա, հնարավո՞ր է, որ բարձրագույն իշխանությունը տեղյակ չէր այս ամենից, Կոստանյանն ասաց, որ կարծիքների ու ենթադրությունների մակարդակով չի կարող շռայլություն թույլ տալ և գնահատական տալ:
«Քննության արդյունքում, վստահ եմ, որ ամբողջությամբ կպարզվեն, և մեղավոր անձինք պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:
Իսկ թե նման քվեարկությամբ ՀՀԿ-ն արդյոք ցույց չի՞ տալիս, որ պատասխանատվություն չի կրում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ խմբակցության անունից կարող է խոսել, և սրանով ՀՀԿ-ն խմբակցությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ է, որ ցանկացած անձ, ով կոտնձգի երբևէ բանակին, զորքին ու զինվորին, անկախ նրանից՝ ով է, միանշանակ խստագույնս պատժվի:
Իսկ թե կա՞ իրավական ընթացակարգ, որ նիստն առանց Մանվել Գրիգորյանի ներկայության իրականացվի, Կոստանյանը դրական պատասխան տվեց:
«ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանված է նման հնարավորություն, որ առանց պատգամավորի մասնակցության, բայց իր համաձայնության դեպքում կարող է նիստը տեղի ունենալ»,-ասաց նա:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ին հորդորել էր կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ առանց իր մասնակցության: