ԱՄՆ-ն ու Հրվ. Կորեան չեղարկել են Փհենյանին «նյարդայնացնող» զորավարժությունները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, պահելով ավելի վաղ տված խոստումը, չեղարկել է Հարավային Կորեայի հետ օգոստոսին նախանշված համատեղ զորավարժությունները: Այս մասին գրում է rt.com-ը՝ հիշեցնելով, որ Թրամփն այս խոստումը տվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել է զորավարժությունների չեղարկումը: Միևնույն ժամանակ, նախարարությունից հայտնել են, որ աշնանն ու եկող տարվա գարնանը նախանշված զորավարժությունների հարցով դեռևս որոշում չի կայացվել:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն այս առնչությամբ հայտարարել է, որ զորավարժությունները չեն անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեան «բարի կամք» է դրսևորում:
Հայտնի է, որ Կիմ Չեն Ընին հանդիպելուց հետո, Թրամփը խոսք էր տվել վերջ տալ Հարավային Կորեայի հետ «սադրիչ, ոչ պատշաճ ու ծախստար» համատեղ զորավարժություններին:
Աղբյուրը նկատում է, որ Փհենյանը ողջունել է ԱՄՆ-ի այս քայլը, քանի որ Վաշինգտոնի ու Սեուլի համատեղ զորավարժությունները մշտապես զայրացրել ու նյարդայնացրել են երկրին: