Դալայ լաման կիսվել է երջանկության գաղտնիքով
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման կարծիք է հայտնել առ այն, որ յուրաքանչյուր մարդու երջանկություն է բերում ոչ թե բազմաթիվ ցանկությունների իրագործումը, այլ մտքի հանգստությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն,Դալայ լաման այս մասին ասել է Ռիգայում բուդդիստների համար հոգևոր դասընթացների շրջանակում:
Նա ընդգծել է, որ մտքի հանգստությանը նպաստում են կարեկցանքն ու այլասիրությունը (ալտրուիզմ- հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին):
«Արժեքների նյութապաշտական համակարգով դաստիարակված անձն անընդհատ ավելի ու ավելի շատ է ցանկանալու: Անսանձ ցանկությունները քայքայում են և՛ մարդուն, և՛ շրջակա միջավայրը, ինչը ոչ մեկին երջանկություն չի բերում: Երջանկությունը գալիս է, երբ միտքը հանգիստ է, երբ հոգում խաղաղություն է: Ուստի՝ կարևոր է մարզել միքտը»,-ասել է Դալայ լաման:
Նա ընդգծել է, որ ցասումը, նախանձը, մրցակցության զգացումը, վախերն ու մյուս բացասական զգացողություններն իրենց հետևից տառապանքներ են բերեում:
«Գիտականորեն ապացուցված է, որ բարկությունը քայքայում է մարդու իմունային համակարգը, իսկ կարեկցանքն ու մտքի հանգստությունը՝ ամրապնդում»,-շարունակել է Տիբեթի հոգևոր առաջնորդը:
Նրա համոզմամբ՝ ժամանակակից կրթական համակարգն ու մշակույթը մեծամասամբ հիմնված են նյութական արժեքների վրա, այդ պատճառով էլ այսօրվա մարդկանց սրտերում այդքան շատ նախանձ, մրցակցություն ու խանդ կա:
«Որպեսզի աշխարհում խաղաղություն և երջանկություն տիրի, հարկավոր է, որ ամեն մարդ նախևառաջ իր հոգում խաղաղություն գտնի»,-եզրափակել է հոգևորականը: