Հաջորդ տարի՝ Երուսաղեմում. Նեթանյահուն հայտարարել է «Եվրատեսիլ 2019»-ի անցկացման վայրը
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018» համաեվրոպական երգի մրցույթում Իսրայելի ներկայացուցիչ Նետտայի հաղթանակից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է երգչուհուն՝ հավելելով, որ հաջորդ տարի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Երուսաղեմում:
«Նե՛տտա, դու մեծ փառք ես բերել Իսրայելին: Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»,- իր թվիթերյան էջում գրել է Նեթանյահուն:
Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլ»-ն անցկացվում է նախորդ տարվա հաղթողի երկրում, սակայն քաղաքի ընտրության հարցը թողնված է տվյալ երկրի իշխանությունների հայեցողությանը:
Երուսաղեմն Իսրայելի չճանաչված մայրաքաղաքն է: Դրա կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գլխավոր խոչընդոտներից մեկն է: Ինչպես պաղեստինցիները, այնպես էլ միջազգային հանրությունը քաղաքի արևմտյան մասը համարում են շրջափակման մեջ գտնվող տարածք: Այդ իսկ պատճառով բոլոր երկրների դեսպանատները տեղակայված են Թել Ավիվում: Միևնույն ժամանակ, Իսրայելը պնդում է, որ Երուսաղեմն իր միակ ու անբաժանելի մայրաքաղաքն է:
Նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու դեսպանատունը մայիսի 14-ին Երուսաղեմ տեղափոխելու մասին: