Կրեմլը բացահայտել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի առանցքային թեմաները
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում մի շարք հարցերի քննարկման համար անձնական հանդիպում ունենալու հետաքրքրվածություն են հայտնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկապես, երկու երկրների առաջնորդները երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խոսել են այն մասին, որ օրակարգում առկա հիմնականում խնդրահարույց հարցերի քանակն իհարկե թելադրում է նման շփման և գագաթնաժողովի անցկացման անհրաժեշտություն: Երկու նախագահներն էլ հայտնել են, որ գիտակցում են այդ անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով երկու նախագահների հանդիպման ժամկետների մասին հարցին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 20-ին ԱՄՆ նախագահը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և շնորհավորել մարտի 18-ին կայացած ընտրություններում հաղթելու առթիվ։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: