Ապրիլի 2-ի փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 7-ը
ՀՀ կառավարությունը վաղը հերթական նիստում որոշում կկայացնի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի ապրիլի 7-ը`շաբաթ օրը:
Ըստ հիմնավորման` «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:
Հիշեցենք, որ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է: