Բոլորն էլ գիտեն, թե Ադրբեջանում ինչ «մասսա» է ապրում, ինչ են անում հայերի գլխին. բա ո՞ւր է աշխարհի ժողովրդավարությունը. Գալուստ Սահակյան
Ադրբեջանը զինված պայքարի կոչ է անում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԱՄՆ կողմից Հայաստանի կառավարությանը տրված նախազգուշացման մասին, որ եթե «էական չափի» զենք գնվի ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրից, ապա չի բացառվում՝ սահմանվեն պատժամիջոցներ ՀՀ նկատմամբ:
«Լսել եք, կարդացել եք, բայց մի քիչ ուրիշ կերպ եք արտահայտում: Նման իրողությունները մեզ չեն կարող վերաբերել: Մեր գործունեությունն այնպես չէ, որ մենք որևէ ժողովրդից կառչած առաջ ենք գնում: Մենք մեկ խնդիր ունենք, գնում ենք դրա հետևից: Բոլորն էլ գիտեն, թե Ադրբեջանում ինչ «մասսա» է ապրում, ինչ են անում հայերի գլխին, բոլորն էլ գիտեն, թե ինչ արեցին թուրքերը, բա ո՞ւր է իրենց ժողովրդավարությունը»,- նշեց Գ. Սահակյանը:
Ըստ պատգամավորի՝ որևէ պետություն չպետք է քննադատի Հայաստանին նման իրավիճակում զենք գնելու համար:
«Մենք, ճիշտ է, դիմում ենք ուրիշներին, համագործակցում ենք՝ մեր պետության շահերից ելնելով, բայց չպետք է մոռանանք, որ մեր իրական ուժը մեր ձեռքերում է: Որևէ մեկը մեզ չի օգնել, ինչ ունենք՝ մեր ձեռքերով ենք արել: Մի՛ մտածեք, որ միջազգային հանրությունն այնպիսին է, որ որևէ պետություն ինչ-որ բան է ասում, մնացած պետությունները պետք է անպայման լսեն: Ադրբեջանի կողմից մենք միշտ էլ վտանգներ տեսնում ենք, տեսնում ենք հոխորտագին խոսակցություններ՝ Երևանը և այլն:
Հիմար բաներ են խոսում, չեն էլ մտածում, որ 20-րդ դարում նոր Ադրբեջան հասկացություն եղավ, իսկ Երևանը մեր թվարկությունից առաջ էր: Էնպիսի բաներ են ասում, որ աշխարհը չի կարող դրան հավատալ: Եթե գնաք Իտալիա, կտեսնեք, որ Հայաստանը հնագույն քարտեզի վրա գրված է: Ամեն դեպքում, Ադրբեջանը մեզ համար երբեմն-երբեմն լուրջ խնդիրներ է առաջացնում: Նրանք զինված պայքարի կոչեր են անում»,- մանրամասնեց Գալուստ Սահակյանը: