5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց վրա 2.893.000 դոլարի ծախս է արվել. Լևոն Մկրտչյան
Մեր դպրոցներում գործում են 220 ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որոնցում ընդգրկված է 5150 սովորող: Ամփոփելով 2017 թ. ԿԳՆ-ի գործունեությունը՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ռոբոտատեխնիկայի ուղղությունը շատ հաջող ծրագիր է: Միայն 2013-2017 թթ. մասնավոր ներդրումները 706 մլն դրամ են կազմել, իսկ նախարարությունը մոտ 127 մլն դրամ է տրամադրել, 2018 թ. փորձելու ենք ավելացնել ներդրումների ծավալները:
Ծրագիրն իսկապես այնպես հաջողությամբ է գործարկվել, որ դպրոցների ավել քանակություն ունենք, բայց բյուջեում համապատասխան հիմնավորում դեռ չունենք, պետք է փորձենք գտնել: Մեր հաշվարկներով՝ 2018 թ. անհրաժեշտ է մոտավորապես 280 մլն դրամ, որից 127 մլն-ը պետք է տրամադրվի ԿԳՆ-ի կողմից»,-պարզաբանել է նախարարը:
Դպրոցաշինությանն անդրադառնալով՝ Մկրտչյանն ասաց, որ 5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց վրա 2017 թ. 2.893.000 դոլարի ծախս է արվել: Սա վարկային ծրագրով է իրականացվում: «2018 թ. ևս 5-6 դպրոց կավելանա: Վերանորոգումների համար 2 մլն 733 հազար դոլարին համարժեք դրամ կա: Սա միայն ավագ դպրոցների համար է:
«Մի քանի ուղղությամբ իսկապես շատ հաջող ծրագրեր են իրականացվում: Մեր գործընկերներից «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Լոռու մարզում՝ Դեբեդ համայնքում, արդեն նախորդ տարի ամբողջությամբ ավարտեց շինարարությունը, և առաջիկայում կբացվի «Սմարթ» կենտրոնը, 5 մլն դոլարի ներդրում է կատարվել: Եվ եթե ճիշտ օգտագործենք այն, ապա արմատապես կարող է փոխվել Լոռու մարզի կրթական համակարգի վիճակը»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2017 թ. հոկտեմբերին բացվեց «Այբ» դպրոցի երրորդ մասնաշենքը, որի վրա մոտ 2 մլրդ դրամի ներդրում արվեց: Նախարարի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ի գործընկեր կառույցները, որոնք ներգրավված են կրթության բնագավառում, իսկապես մեծ ներդրումներ են կատարում՝ հատկապես լաբորատոր շենքային կառույցների ուղղությամբ:
«Մեր հաջող ծրագրերից մեկն էլ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցն է, որի շինարարությունը սեպտեմբերին արդեն կավարտվի, այն իրականացվում է հատուկ ծրագրով: Չինական կողմը կատարել է շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Դպրոցը 15.000 քմ տարածքում է, համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին: Այդ դպրոցում չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից, սովորական հայկական դպրոց է՝ հայերեն ուղղությամբ, հայերեն ծրագրերով, պարզապես խորացված չինարել պետք է անցնեն այդ դպրոցում: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարվա համար չինարենի ուսուցիչներ կբերի, նրանք կաշխատեն, մինչև մենք կկարողանանք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենալ»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը: