Տրանսպորտում ծխելու համար 100 հազար դրամ տուգանք վճարելու համար պետք է 5 ամիս աշխատենք. երթուղայինի վարորդ (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է մի շարք հանրային վայրերում ծխելու դեպքում բավականին բարձր տուգանքներ սահմանել, մասնավորապես, տրանսպորտում և տաքսիում ծխելու դեպքում նախատեսված է 100 հազար դրամ տուգանք:
Tert.am-ը հարցում անցկացրեց երթուղային տաքսիների, ավտոբուսների, տաքսիների վարորդների և ուղևորների շրջանում, ովքեր նշեցին, որ տուգանքի չափը համաչափ չէ եկամուտներին:
«100 հազարը շատ հնչեղ թիվ է, որը անհասանելի է: Եթե մարդն այսօր տաքսի է վարում, այսօր հազիվ կարողանում է հացի խնդիրը լուծել: Վարորդին 100 հազար դրամով ուզում են տուգանեն և ծխելու, և խմածության համար, բայց չէ որ նա խմած ժամանակ պոտենցիալ վտանգ է ստեղծում: Էդ թվաբանությունը իմ ուղեղում չի տեղավորվում»,- ասաց տաքսու վարորդը:
Նրա խոսքով՝ վարորդներն այնքան դժվարությամբ են եկամուտ ստանում, որ անգամ 10 դրամ տուգանելու դեպքում էլ խնդրին լուծում կտրվի:
Երթուղային տաքսու վարորդների մեկն էլ նշում է, որ 100 հազար դրամ տուգանք վճարելու համար պետք է 5 ամիս աշխատել:
«Թող 40 տարի առաջ գային, մի հատ ականջս ձգեին, ասեին մի ծխի, չծխեի: Հիմա ես 45 տարի է՝ ծխում եմ, ո՞նց կարող եմ միանգամից չծխել կամ մեկ ժամ ընդմիջում տալ, 10 րոպեն մեկ ծխում եմ: Եթե ուղևորները խնդրում են, ասում են՝ վարորդ մի ծխի, ասում եմ՝ ներողություն, և նետում եմ սիգարետը»,- նշեց վարորդը:
Իսկ ուղևորները կողմ են, որպեսզի վարորդները չծխեն տրանսպորտում, բայց տուգանքի չափը, ըստ նրանց՝ նույնպես շատ է. «Երբ խնդրում ես վարորդին, որ հանգցնի ծխախոտը, նրանք նեղանում են և կարող են նույնիսկ վիրավորել: Կարելի է մի քիչ, բայց տուգանք պետք է»,- ասաց ուղևորը:
Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, առաջացնում է տուգանքի նշանակում` 150.000 ՀՀ դրամի չափով: Մինչև 2016 թ.-ը այս տուգանքի չափը 100 հազար դրամ էր:
Մանրամասները՝ տեսանյութում: