Բիլ Գեյթսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ալցհեյմերի հիվանդության հետազոտության համար
Microsoft ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նվիրաբերել Ալցհեյմերի հիվանդության հետազոտությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտակա ժամանակներում գործարարը 50 միլիոն դոլար կփոխանցի Dementia Discovery Fund հիմնադրամին, որը ֆինանսավորում է գլխուղեղի պաթոլոգիաների հետազոտությունները: Գեյթսը մտադիր է նվիրաբերել գումարի մյուս մասը ստարտափերին, որոնք Ալցհայմերի հիվանդության բուժման միջոցներ են փնտրում:
Գեյթսի խոսքով՝ իր ընտանիքի որոշ անդամներ տառապել են թուլամտությունից, սակայն իր հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ հիմնված է ոչ միայն անձնական պատճառների վրա:
«Գիտեմ՝ ինչ ահավոր է նայել հարազատ մարդկանց և տեսնել, որ հիվանդությունը զրկում է նրանց մտածելու ունակությունից: Ասես դիտում եք այն մարդու աստիճանական մահը, որին գիտեիք», - ասել է Գեյթսը:
Գեյթսը նաև ընդգծել է, որ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց քանակն ամեն տարի միայն մեծանում է, սակայն բուժման արդյունավետ միջոցներ այդպես էլ չեն գտնվել: Նրա կարծիքով՝ հետազոտությունների ֆինանսավորումը կարող է օգնել այս խնդրի լուծմանը:
«Հույս ունեմ, որ մոտակա 10 տարվա ընթացքում մենք ինչ-որ հզոր դեղամիջոց կստեղծենք, սակայն հնարավոր է նաև, որ դա տեղի չի ունենա. այսքան ժամանակ կարող է պահանջվել միայն փորձարկումների համար», - ասել է Գեյթսը: