«Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանից
«Նրանց [հայկական կողմին] ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նշելով, որ այդ հուշարձանի տեղադրումը Թուրքիայի համար անընդունելի է, Չավուշօղլուն հիմնավոր չի համարել հայկական կողմի պարզաբանումները, թե այն տեղադրվել է քաղաքային իշխանությունների կողմից։
«Մենք անհրաժեշտ մեսիջներ ենք ուղարկել՝ և՛ մեր հատուկ ներկայացուցչի միջոցով, և՛ այլ խողովակներով։ Մեր կայացրած որոշումից հետքայլ անելու խոսք չկա։ Մենք դիտարկում ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, աշխատում ենք դրանց վրա, և կներկայացնենք նաև նախագահին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրքիայի համապետական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին Չավուշօղլուն առիթը բաց չի թողնում դատապարտելու Երևանում «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված հուշարձանի տեղադրումը ու Թուրքիայի կոշտ դիրքորոշումը արտահայտելու համար։