Արգենտինացի լրագրողները Հրանտ Դինքի անվան մրցանակի են արժանացել
Արգենտինացի լրագրողներ Հինդե Պոմերանիեսը և Դանիել Վիտարը երեքշաբթի Հայ մշակութային միությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի անվան մրցանակ են ստացել:
Ինչպես հաղորդում է Prensa Libre-ն, այս մրցանակը Ագենտինայի Հայ դատի հանձնախումբը ամեն տարի շնորհում է «ի նշան մարդու իրավունքների և հանրապետական արժեքների ոլորտում լրագրողական աշխատանքի գնահատման»:
Ստանալով իր մրցանակը՝ Պոմերանիեսը ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքին հիշատակել է որպես «խիզախ գործընկերոջ, որը մինչև կյանքի վերջին օրը կոչ էր անում իրերն անվանել իրենց անուններով և որը սպանվել է իր ժողովրդի համար արդարություն պահանջելու պատճառով»:
Դանիել Վիտարն, իր հերթին, հիշել է իր ուղևորությունը Հայաստան և Արցախ և շեշտել, որ իրեն շատ է դուր եկել հայ ժողովուրդը, որը, նրա խոսքով, շրջապատված է վտանգներով: