Գործադիրի անդամների աշխատավարձը բարձրացնելու Փաշինյանի գաղտնի որոշումն ապացուցում է՝ վարչապետի հայտարարությունները և գործերն իրար չեն համապատասխանում. քաղաքագետ
Սա հերթական քայլն է, որը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և գործերը միմյանց չեն համապատասխանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հրապարակմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։
«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր գործելաոճում առաջնորդվում է ոչ թե թափանցիկությամբ և հանրության առաջ լիարժեք պատասխանատվությամբ, այլ ըստ իր քաղաքական նպատակահարմարության և ըստ իր քաղաքական ծրագրերի: Այսինքն` առաջնահերթություն տրվում են ոչ թե հռչակված արժեքները և մոտեցումները, այլ այն, ինչը լավագույնս համապատասխանում է Փաշինյանի քաղաքական թիմի նեղ շահերին»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ թեև վարչապետը և իր ամբողջ թիմը անվերջ խոսում են այն մասին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իրենց գործողություններում շատ ավելի փակ են և հեռու են գնում, քան Հայաստանի նախկին իշխանությունները, որոնց իրենք մինչ օրս էլ ակտիվ քննադատում են: «Վարչապետը կարող էր բաց հայտարարել այդ մասին, և հիմնավորումներ կան, և հաշվի առնելով այն, որ նույնիսկ իր անտրամաբանական որոշումներն է ծափահարություններով ընդունվում հասարակության մեծ հատվածի կողմից, կարող էր այս որոշումը ևս այդպես ընդունվել, բայց փաստ է, որ վարչապետը որոշել է դա քողարկել և ծածուկ պահել»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ մենք դեռևս գիտենք նախարարների, փոխնախարարների և վարչության պետերի աշխատավարձերի մասին, և չի բացառվում, որ նման գաղտնի որոշումներ այլ ոլորտներում ևս կան, որոնք կարող են վերաբերել ֆինանսական այլ հարցերին: Նա նաև նկատեց, որ ԱՄՆ ճամփորդության ծախսերի վերաբերյալ հստակ պատասխաններ չտրվեցին, իսկ ֆինանսների գաղտնի շրջանառությունը հենց կոռուպցիայի հիմնական նշաններից մեկն է:
«Այս իշխանությունը բաց չէ հանրության առաջ, այնպես, ինչպես իրենք են ներկայացնում, կան թաքուն գաղտնի որոշումներ, և այդ որոշումների արդյունքում իշխանական թիմի ներկայացուցիչների եկամուտները մեծանում են»,-ասաց նա: