Ղազախստանի նախագահն ընդլայնել է Նազարբաևի լիազորությունները
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա մարտի 20-ին: Նախագահ է դարձել Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահն էր: Նազարբաևը շարունակում է պաշտոնավարել Անվտանգության խորհրդի և իշխող Nur Otan կուսակցության նախագահների պաշտոնում:
Տոկաևի ստորագրած հրամանագրի համաձայն, այսուհետև նախարարները, բացառությամբ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների, նշանակվելու են միայն Անվտանգության խորհրդի նախագահի հետ համատեղ որոշման արդյունքում:
Բացի այդ, Անվտանգության խորհրդի նախագահի հետ պետք է համաձայնեցվի նաև ակիմների (քաղաքապետերի և վարչական միավորների ղեկավարների) նշանակումը:
Փոխվել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակման կարգը: Նախկինում այս պաշտոնի թեկնածուին նախագահի հաստատմանն էր ներկայացնում երկրի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը, հիմա արդեն այս պաշտոնի նշանակումը նույնպես պետք է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի նախագահի հետ: