Պուտինը Հելսինկիում բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի հետ
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆինլանդացի պաշտոնակից Սաուլի Նիինիստեի միջև բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսը, գրում է РИА Новости-ն:
Երկու երկրների նախագահների բանակցություններն ընթացել են Հելսինկիի նախագահական պալատում: Բանակցությունների մեծ մասն ընթացել է փակ դռների ետևում:
Ավելի վաղ Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության և Մոսկվայի ու Բրյուսելի միջև երկխոսությունը վերականգնելու վերաբերյալ հարցեր:
Նինիստեն իր հերթին հայտնել էր, որ երկկողմ հարաբերություններում սուր հարցեր չկան, սակայն ինքը ցանկանում է խոսել Պուտինի հետ Ուկրաինայի մասին:
Նշենք, որ վերջին անգամ նախագահները հանդիպել են ապրիլին Սանկտ Պետերբուրգում «Արկտիկա. երկխոսության տարածք» համաժողովի շրջանակներում:
Մամուլի ասուլիսից հետո Պուտինը և Նիինիստեն նավակով կուղևորվեն Սվեաբորգ ամրոց, որտեղ աշխատանքային ընթրիք է նախատեսված: Ընթրիքի ժամանակ նախագահները կշարունակեն բանակցությունները: