«Իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում միջազգային ծովային ուղիները չեն կարող ունենալ այն անվտանգությունը, ինչ նախկինում». Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախազգուշացրել է իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու փորձերի հետևանքների մասին՝ հայտարարելով, որ նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում ծովային ուղիները նախկին անվտանգությունը չեն ունենա, գրում է Reuters գործակալությունը:
«Համաշխարհային ուժերը գիտեն, որ նավթային ամբողջական պատժամիջոցների և իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու դեպքում միջազգային ծովային ուղիները չեն կարող ունենալ այն անվտանգությունը, ինչ նախկինում»,- հայտարարել է Ռոհանին և հավելել, որ «Իրանի վրա միակողմանի ճնշումը չի կարող նրանց օգտին լինել և չի երաշխավորում նրանց անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում»:
Ռոհանին այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ, որն իր հերթին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու ԱՄՆ-ի փորձերը ոչնչի չեն հանգեցնի, քանի որ երկիրը կշարունակի վառելիքի արտահանումը: