Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի անվանումը (լուսանկարներ)
Հայտնի է Ջեյմս Բոնդի, կամ ինչպես հայտնի է կինոսերների շրջանում՝ գործակալ 007-ի մասին պատմող նոր ֆիլմի անվանումը՝ «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die), գրում է Rolling Stones-ը:
«Դենիել Քրեյգը վերադառնում է որպես Ջեյմս Բոնդ, 077… «Մահանալու ժամանակ չկա»: Մեծ Բրիտանիայում ֆիլմը հասանելի կլինի 2020 թվականի ապրիլի 3-ից, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2020 թվականի ապրիլի 8-ից»,- Twitter-ում տեղեկացրել են ֆիլմի պրոդյուսերները:
Նոր ֆիլմի նկարահանումները, որը նախկինում հայտնի էր Bond 25 աշխատանքային անվանումով, սկսվել էին դեռևս ապրիլին՝ Ճամայկայում: Հենց այդ ժամանակ էլ ֆիլմի պրոդյուսերները հայտարարել էին, որ «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի աստղ, օսկարակիր դերասան Ռամի Մալեկը նույնպես հանդես կգա ֆիլմում՝ խաղալով չարագործի դերը:
Քրեյգը դեռևս 2017 թվականին հաստատել էր, որ հինգերորդ անգամ վերադառնալու է որպես 007 գաղտնի գործակալ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին:
Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանվել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Մասնավորապես, թագավորական տան անդամին հրավիրել են կերտելու հենց իր կերպարը, երբ նա այցելել է ֆիլմի նկարահանումների հրապարակ և հանդիպել դերասան Դենիել Քրեյգի հետ:
«Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիան ներկայացնող հրաշալի օրինակ է, և Բոնդի՝ աշխարհով մեկ սփռված երկրպագուներին դա հաստատ դուր կգա»,-հայտնել էր նկարահանող խմբին մոտ աղբյուրը՝ հստակեցնելով, որ «պրոդյուսերներն այս գաղափարին են հանգել, քանզի նախագիծը մի շարք անհաջողությունների է բախվել»: