Վրացական «Ռուսթավի 2»-ը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել. լրագրողները դադարեցրել են լուրերի թողարկումը՝ աշխատանքից ազատման մասին հայտնելու համար
Սկանդալային հայտնի վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել և կրկին իր ուղիղ եթերի պատճառով: Երեկ երեկոյան՝ օգոստոսի 20-ին, լուրերի գլխավոր թողարկումն ընդհատվել է: Հաղորդավարներ Դիանա Ջոջուան ու Միխեիլ Սեսիաշվիլին ուղիղ եթերում հայտնել են, որ իրենք լքում են հեռուստաալիքը, որտեղ աշխատել են ավելի քան 10 տարի, հայտնում է strana.ua-ն:
«Այդ ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք ազատության տարածք, այսօր «Ռուսթավի 2»-ում դա չկա, այդ իսկ պատճառով մենք հեռանում ենք հեռուստաալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության: Կհանդիպենք այլ տարածքում և այլ հեռուստաալիքում»,- հայտնել է Ջոջուան:
Դրանից հետո լուրերի թողարկումն ընդհատվել է:
Այս միջադեպից հետո հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան հայտնել է հեռուստաալիքի մի քանի առաջատար լրագրողների աշխատանքից ազատման մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հուլիսին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել էր հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային:
Դրանից հետո հեռուստաալիքի ղեկավարությունը փոխվել է: