Բրիտանական լցանավի կալանքից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բանդինեժադը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero նավթային լցանավը կալանքի տակ առնելուց հետո:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, դեսպանի խոսքով՝ իրանական կողմը պնդում է իր իրավացիությունը, սակայն պատրաստ է տարբեր սցենարների: Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին Բրիտանիայի իշխանություններն ուղղակի պարտավոր են զսպել ուժերը, որոնք ցանկանում են հակամարտություն ստեղծել երկրների միջև լցանավի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
«Սա բավականին վտանգավոր և անխոհեմ է տարածաշրջանի համար դժվարին ժամանակներում», - հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, որ բրիտանական լցանավն Իրանը կալանքի տակ է առել «միջազգային կանոնների խախտման» պատճառաբանմամբ: Ըստ իրանական կողմի՝ լցանավը հարվածել է իրանական ձկնորսական նավին՝ անտեսելով նախազգուշացումներն ու տագնապի ազդանշանը: Կալանված նավում գտնվում են ՌԴ, Լատվիայի, Ֆիլիպինների և Հնդկաստանի քաղաքացիներ: