«Հյուսիս-հարավ»-ի շինընկերություններն ահազանգում են՝ գումարը դեռ չեն ստացել
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհիշինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերությանենթակայության 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններնիրենց կատարած շինաշխատանքների համար գումար այդպես էլ չեն ստացել: Այդ մասին հայտարարեցին կազմակերպությունների ներկայացուցիչները «Կառավարության խոստացած 45 օրը լրացել է, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարարությունն իրականացնող ենթակապալառու ընկերությունների շինաշխատանքերի համար վճարվելիք գումարի հարցն այդպես էլ չի լուծվել» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Բանախոսները՝ 21 կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը, Ժակշին ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը և Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը հիշեցրեցին, որ մայիսի 31-ին կառավարության հետ ձեռք էին բերել պայմանավորվածություն, որ ենթակապալառու ընկերությունները սպասեն մեկուկես ամիս:
Կառավարությունից խոստացել էին, որ այդ ընթացքում կբանակցեն «Կորսան Կորվիամ» ընկերության հետ, և հարցը հանգուցալուծվի։ «Կառավարության ու «Կորսան Կորվիամի» բանակցությունների համար նախատեսված ժամկետն ավարտվել է, մինչդեռ որևէ արդյունք այդ առնչությամբ չկա», — հայտարարեցին ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչները:
Բանախոսները հիշեցրեցին, որ «Կորսան Կորվիամ»-ը երկու տասնյակի հասնող ենթակապալառու կազմակերպություններին գումար չի վճարել2018-ի օգոստոսից։ Ընդհանուր պարտքը կազմում է 2 միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ: «Մինչև 2018-ի առաջին կիսամյակը ենթակապալառուների հետ փոխհարաբերություններում չեն եղել խնդիրներ: Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքների դիմաց«Կորսան Կորվիամ»-ն արդեն տարեվերջին հրաժարվեց կատարել վճարումներ՝ պայմանավորելով կառավարության կողմից նախագիծը չֆինանսավորելու հանգամանքով», — նշեց 21 կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը: Նա ընդգծեց, որ կազմակերպությունները տարբեր եղանակներով՝ բանակցային, գրավոր, ֆորմալ դիմել են իսպանական ընկերությանը, որպեսզի կատարի պարտավորությունները, բայց մինչև տարեվերջ արդյունք չեն ունեցել:
Ենթակապալառուները դիմել են գործադիրին, որպեսզի պարզեն՝ կառավարությունը ֆինանսավորո՞ւմ է, թե՞ ոչ և որն է կառավարության անելիքը: «Կառավարությունը մեզնից ժամանակ խնդրեց, որ տիրապետեն այս խնդրին: Մինչև հունիս որևէ առարկայական տեղաշարժ տեղի չունեցավ: Հուլիսի 1-ին կառավարությունում հանդիպում տեղի ունեցավ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, պայմանավորվեցինք, որ կառավարությունը 45 օր ժամկետ սահմանի, որպեսզի կարողանա Կորսանի հետ բանակցություններում հասնել արդյունքի», — ասաց 21 կազմակերպությունների իրավաբանը: Նա տեղեկացրեց, որ այդ 45 օրերի ընթացքում իրենք կառավարությունից ստացել են ընդհանուր բնույթի տեղեկություններ, որ բանակցությունների սեղանին դրված հարցերից ամենակարևորը ենթակապալառուների գումարների վճարման հարցն է: Սակայն խոստացված ժամկետը լրանալուց հետո կազմակերպություններն այդպես էլ չեն ստացել լիարժեք պատասխան:
Արմեն Սաքապետոյանն ասաց, որ իրենց կոչը կառավարությանը այն է, որ գործադիրն ընդունի պահանջի իրավունքը, վճարի կազմակերպություններին «Հյուսիս-հարավ» կառուցապատման համար նախատեսված միջոցներից և հետագա բանակցությունների ժամանակ «Կորսան Կորվիամ»-ից պահանջի այդ գումարները:
Ժակշին ՍՊԸ հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ առաջարկել են կառավարությանը պարտքի զիջում անել, «Կորսան Կորվիամ»-ի պարտքի գումարը կառավարությունը վճարի իրենց. «Կառավարությունից տեղեկություններ ունեցանք, որ ամսի 12-ին եռակողմ պայմանագիր կազմվել է, ուղարկվել Մադրիդ, որ կնքվի: Ըստ «Կորսան Կորվիամ»-ի տեղեկության՝ եղել է այն պայմանավորվածությունը, որ պետք է պայմանագիրը երկարաձգվի, և մեր պարտքերը կառավարությունը ստանձնի ու վճարի՝ ըստ պարտքի զիջման»,- նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսների՝ եռակողմ պայմանագիրը Մադրիդ ուղարկելու փաստը կառավարությունում չեն ժխտում, բայց նաև չեն ժխտում, որ հուլիսի 18-ին ծանուցել են «Կորսան Կորվիամ»-ին պայմանագիրը չերկարաձգելու մասին:
««Կորսան Կորվիամ»-ում ասում են՝ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ պայմանագիրը երկարաձգվեր, ու մեր պարտքերը վճարեին: Մենք կանգնել ենք փաստի առաջ, ոչ մի ձև այս հարցի լուծումը չի ստացվում: Կոչ ենք անում կառավարությանը, որ մեր պարտքերը վճարի, հետո եթե Կորսանի հետ գնալու են դատական պրոցեսների՝ հինգ միլիոն ավելով կամ պակասով, քանի որ Կորսանն ունի կառավարության մոտ երաշխիքային գումարներ և բանկային երաշխիքներ ու պահումներ: Կորսանը ժամանակին առաջարկել է պահումների տասը տոկոսը նվազեցնել, դարձնել հինգ, որը բավարար է մեր բոլոր կազմակերպությունների գումարները վճարելու համար» , — ասաց ենթակապալառու ընկերության ներկայացուցիչը:
Դենտալ իմպորտ ՍՊԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 19-ի առավոտյան հանդիպել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանին: «Պարզվել է՝ եթե եռակողմ պայմանագրերը հաստատված, ստորագրված լինի Կորսան Կորվեամի կողմից, նրանք կներկայացնեն կառավարական խորհուրդ, որ Կորսանից հետո պահված գումարները կարող են վճարել մեզ, բայց ոչ ամբողջությամբ: Սակայն մենք քիչ հավանական ենք համարում, որ «Կորսան Կորվիամ»-ը կստորագրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը ծանուցել է պայմանագիրը խզելու մասին: Այսինքն՝ Կորսանը չի շարունակելու կատարել ճանապարհի աշխատանքները», — ասաց Աշոտ Ավետիսյանը:
Ամփոփելով ասուլիսը բանախոսները հայտարարեցին, որ «Կորսան Կորվիամ» ընկերության՝ կառավարության հետ պայմանագրի վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Պայմանագիրը խզելու դեպքում Կառավարությունը պարտավոր էր 14 օր առաջ տեղեկացնել: Եվ, փաստորեն, հուլիսի 18-ին տեղեկացրել է: Ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներն ակնկալում են, որ առաջիկա օրերի ընթացքում աչալուրջ որոշում կլինի իրենց հարցի վերաբերյալ, կերկարաձգվի պայմանագիրը: Բանախոսները հայտարարեցին, որ եթե մինչև օգոստոսի 1-ը հարցին լուծում չտրվի, կշարունակեն բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ ակցիաների միջոցով կամ այլ ձևաչափով:
Լիլիթ Հովհաննիսյան
The post «Հյուսիս-հարավ»-ի շինընկերություններն ահազանգում են՝ գումարը դեռ չեն ստացել appeared first on ԳԱԼԱ.