ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում ազատ արձակել զավթած նավերը
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) դատապարտում է Իրանի կողմից երկու նավթային տանկերների կալանումը և Իրանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել նավերն ու անձնակազմի անդամներին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուի հայտարարությունը:
«Մենք դատապարտում ենք Հորմուզի նեղուցում երկու առևտրային նավերի զավթումը: Սա հստակ մարտահրավեր է նավարկության միջազգային ազատությանը: Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ ազատ արձակել կալանված նավերն ու նրանց անձնակազմի անդամներին:
Միացյալ Թագավորությունը, իր գործողություններով, պարզ հասկացրել է, որ իր առաջնահերթությունն է իրավիճակը կարգավորել երկխոսության և դիվանագիտության միջոցով: ՆԱՏՕ-ն աջակցում է այդ իրադրության կարգավորման բոլոր դիվանագիտական ջանքերին»,-ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՆԱՏՕ-ի կայքում:
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: