«Գարդասիլի» առաջացրած վտանգն ավելի մեծ է, քան արգանդի քաղցկեղի տարածվածությունը․ մասնագետի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը բաց չէ քննարկումների համար (տեսանյութ)
2016 թվականի մարտի 17–ին կառավարության որոշմամբ ընդունվել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը ծրագրված է կատարել 13 տարեկան աղջիկներին: Գարդասիլ պատվաստանյութի, հանրային ընկալումների և առողջապահական համակարգի նկատմամբ հանրության վստահության մասին Tert.am-ը զրուցել է «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, շատերը առողջապահության նախարարության աշխատանքում նկատում են հանրության իրազեկման խնդիր: Նշում են, որ պատվաստումների հարցում տարակարծությունները նաև սրա հետևանք են: Ինչպե՞ս պետք է լուծել իրազեկման այս խնդիրը: Ի՞նչ պետք է անի նախարարությունը:
-Այո՛, հանրության իրազեկումը, բնակչության հետ աշխատանքը պատշաճ կերպով չի իրականացվում: Չեն լինում մասնագիտական քննարկումներ, իսկ լինելու պարագայում էլ նախարարությունն իր յուրային ՀԿ-ների հետ է քննարկում ու ասում՝ վերջ, մենք հարցը քննարկեցինք հասարակության հետ:
Նախարարությունները, թե՛ նախորդ և թե՛ այս իշխանությունների օրոք, բաց չեն հասարակության հետ աշխատանքի համար: Հիմա, առավելևս, դա սրվել է: Օրինակ՝ վերջերս միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումը պետք է լիներ և մենք դիմել էինք մասնակցության համար: Մեզ ասել էին՝ գրավոր առաջարկ ուղարկեք, սակայն մենք բաց նամակով դիմեցինք վարչապետին, ինչից հետո նոր այդ հանրային քննարկումը տեղի ունեցավ: Ստացվում է այնպես, որ մենք պետք է միշտ վերադաս լծակին դիմենք, որ ստորադասը իրականացնի իր պարտականությունները: Նման պայմաններում աշխատելը ճիշտ չէ: Առողջապահությունը, հանդիսանալով սոցիալական ոլորտ, պետք է շատ սերտ համագործակցի հանրության հետ՝ հանրության կարծիքն ու ընկալումները հասկանալու համար: Առհասարակ, ցանկացած բժիշկ, երբ իրականացնում է բժշկական որևէ գործողություն, պացիենտին բացատրում է դրանց հնարավոր հետևանքները, ռիսկերը: Նման կերպ պետք է աշխատի առողջապահության ոլորտը և ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինն՝ իր ղեկավարի հետ հանդերձ, նրանք պետք է հաշվետվողական ու բաց լինեն, այնինչ մեզ մոտ ժողովրդին ցույց են տալիս մի բան, իրականացնում են այլ բան:
-Այսինքն՝ հանրության կողմից կա անվստահությո՞ւն առողջապահական համակարգի նկատմամբ:
-Այո, անվստահության խնդիր կա հանրության կողմից առողջապահության ոլորտի վերաբերյալ: Բավականին երկար ժամանակ Հայաստանում աշխատել են ոչ թե շահել և արժանանալ հանրության վստահությանը, այլև աշխատել են բժշկակենտրոն առողջապահության հիմքի վրա, սակայն աշխարհն այսօր գնում է դեպի պացիենտակենտրոն առողջապահական համակարգ, որտեղ պացիենտը մասնակից է իր բուժման գործընթացին, իրեն նշանակված դեղի ընտրությանը, իրեն առաջարկված բուժական մեթոդների ընտրությանը: Մենք չենք անում դա: Սակայն, իհարկե, կան բժիշկներ, որոնք որդեգրել են այդ քաղաքականությունը և աշխատում են պացիենտակենտրոն սկզբունքներով: Բնականաբար բժշկությունը և հիվանդներին բուժելու գործընթացը հնարավոր չէ տարանջատել գլոբալ առողջապահական ոլորտից: Նախարարությունն, ունենալով մեծ բաց, պետք է հետամուտ լինի այդ բացերի շտկմանը, այլ ոչ ուղղաթիռ թռցնելուն:
-Հանրությունը երկու ճամբարի բաժանվեց հատկապես «Գարդասիլ» պատվաստանյութի՝ պատվաստումների ազգային օրացույց ներառվելուց հետո: Ի վերջո պատվաստվե՞լ «գարդասիլով», թե ոչ:
-«Գարդասիլի» նկատմամբ առկա անվստահությունը կապված է գարդասիլի թերի հետազոտված լինելու հետ: Պատվաստումները կյանք են փրկում և հնարավոր չէ պատկերացնել առողջապահություն՝ առանց պատվաստանյութերի, սակայն մինչև ներդնելը, պետք է համապատասխան պայմաններ և համապատասխան հետազոտություններ իրականացնել: Մեզ մոտ հիմա պատվաստումն իրականացվում է՝ թոքեր լսելով, ջերմություն չափելով, այնինչ միջազգային պրակտիկայում պատվաստման գործընթացին նախորդում են բավականին լուրջ հետազոտություններ և այլ հիվանդությունների կամ այլ վիճակների բացառում: Ես իմ հարազատներին խորհուրդ չեմ տալիս պատվաստվել «գարդասիլով», որովհետև մենք ունենք ապացուցողական տվյալների մեծ բազա, ըստ որի՝ «գարդասիլով» պատվաստված կանանց մոտ հղիանալու հավանականությունը 30-40 տոկոսով նվազում է: Կան տվյալներ, որ եթե մարդն արդեն իսկ պապաիլոմա վիրուսի կրող է, պատվաստումը քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնում է։ Կան նաև այլ տվյալներ, որոնք ապացուցում են, որ պատվաստումն ազդում է սպերմատոզոիդի շարժունակության վրա: Այսինքն՝ ամեն պարագայում արդարացված չէ գարդասիլ պատվաստանյութի կիրառումը: Եթե մենք դիտարկենք առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները, ապա անցած տարվա ընթացքում 240 կնոջ մոտ է հայտնաբերվել արգանդի պարանոցի քաղցկեղ, այսինքն՝ մեր բնակչության շուրջ 0.015 տոկոսը: Կարծում եմ՝ այդ կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար բավարար է իրականացնել լայանֆորմատ սկրինինգ, որը թույլ կտա խնդիրը հայտնաբերել նախաքաղցկեղային շրջանում և բուժել այն: Այսպիսով՝ ես արդարացված չեմ համարում «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը ՀՀ-ում՝ անտեսելով «Գարդասիլ» պատվաստանյութի կողմնակի երևույթները, որոնք ինձ համար, որպես բժիշկ, անընդունելի են: «Գարդասիլի» կողմնակի երևույթների ռիսկն ավելի մեծ է, քան արգանդի վզիկի քաղցկեղը: