ԱՄՆ-ը և Իրանը հասկանում են, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, ապա երկուսն էլ վնասներ կկրեն, շահողներ չեն լինի․ Սարգիս Գրիգորյան
Քաղաքագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունները գտնվում են բավականին լարված իրավիճակում, և այդ լարվածությունը ամեն օր երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է Թրամփի վարչակազմի քաղաքականության արդյունքում: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների միջև եղած վերջին զարգացումներին:
«Մենք արդեն տեսնում ենք այդ լարվածության դրսևորումները ռազմական տեսքով: Հռետորաբանության մակարդակում էլ լարվածությունը չի նվազում: Ճիշտ է, Թրամփը համաձայնություն էր տվել օբյեկտների հարվածների հետ կապված, բայց հետո հետ էր կանգնել իր որոշումից, իսկ հռետորաբանության մեջ, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը անզիջում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել էր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն առ այն, որ ինքն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան անցած գիշեր երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն էր տվել Իրանի տարածքում տարբեր թիրախների հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ էր կանգնել որոշումից:
Թրամփն իր որոշումը բացատրել էր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում: «Երկուշաբթի նրանք խոցել են միջազգային ջրերի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը: Անցած գիշեր մենք կազմ-պատրաստ էինք երեք տարբեր օբյեկտների (Իրանի տարածքում) ուղղությամբ հարված հասցնելու համար, սակայն ես հետաքրքրվեցի՝ այդ դեպքում քանի զոհ կլինի: Գեներալը պատասխանեց, որ 150 հոգի: Հարվածից 10 րոպե առաջ ես կանխեցի այն»,- գրել էր ԱՄՆ նախագահը:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ինքը, ինչպես շատերը, այն կարծիքին է, որ լարվածությունը հռետորաբանության մեջ կպահպանվի, որոշ փոքրիկ բախումներ հնարավոր է լինեն,բայց լայնամասշտաբ պատերազմին հերթը չի հասնի:
«Կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, ապա երկուսն էլ վնասներ կկրեն, շահողներ չեն լինի: Երկու կողմերն էլ հասկանում են՝ գնալով լարվող իրավիճակի բարդությունն ու հետևանքները և ազդեցությունը թե՛ տարածաշրջանում, թե ընդհանուր առմամբ գլոբալ քաղաքականությունում»,- ասաց նա:
Իրանի նկատմամբ լարվածությունը ստեղծեց Թրամփի վարչակազմը, որի նպատակը, ըստ Սարգիս Գրիգորյանի, ԱՄՆ-ը թուլացնելն է:
«ԱՄՆ-ում սպասվում են ընտրություններ: Այս հարցը Թրամփը կարող է օգտագործել քարոզարշավում իր վարկանիշը բարձրացնելու համար: Որոշ «պրոքսի պատերազմներում» ԱՄՆ-ը հաջողությունները կարող են դրական դեր խաղալ Թրամփի համար 2020թ․ ընտրություններում: Կողմերը կարծես փորձում են նաև իրենց ներքին խնդիրները լուծել»,- ասաց նա՝ նորից հիշատակելով, որ մյուս կողմից տարածաշրջանում այդ լարվածության աճը լրացուցիչ թեժ օջախ է ստեղծելու:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու փորձեր այլ երկրների կողմից կլինեն, սակայն ըստ Սարգիս Գրիգորյանի, այստեղ խնդիրն այն է, թե որքանով կողմերը պատրաստ կլինեն, որ խնդրի հանգուցալուծման գործընթացին մասնակից դառնան այդ երկրները, կվստահե՞ն նրանց, թե՝ ոչ:
«Իրավիճակը մեղմացնող քայլերը նկատելի են․ Թրամփի հետ կանգնելը հարվածներ հասցնելուց, բանակցային սեղանին նստելու ցանկություն հայտնելն ու պայմաններ առաջ քաշելն արդեն մեղմացնող հանգամանքներ են, դրանք արդեն հույս են ներշնչում»,- ասաց նա:
Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Իրան-ԱՄՆ առճակատմանը գոնե այս պահին Հայաստանը չպետք է արձագանքի: Նա համաձայնեց, որ վերոնշյալ գործընթացներն ազդեցություն են ունենում նաև Իրանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
«Կարծում եմ, որ այս պահին չարժե, որ մենք նախաձեռնողականություն դրսևորենք, որովհետև հարաբերություններում լարվածությունն աճում է: Պետք է սպասել, որ ամեն ինչ հանդարտվի, և նոր այդ մասին մտածել: Եթե կողմերին հանդարտեցնելու և հաշտեցնելու կոչեր լինեն, ապա Հայաստանն առաջինը կլինի, որ կարձագանքի դրանց, բայց քանի դեռ լարվածությունը շարունակվում է, և հաշտության մասին վաղ է խոսելը, Հայաստանի կողմից ակտիվ քայլեր անելը, կարծում եմ, նպատակահարմար չի լինի»,- ասաց նա: