«Չի կարելի Սահմանադրությունը մեկնաբանել անհեթեթ ձևով միմիայն այն բանի համար, որ Հրայր Թովմասյանից ձերբազատվենք». Դանիել Իոաննիսյան
Երկու օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն երեկ Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Վահե Գրիգորյանի այս հայտարարությանը, նշեց, որ ՍԴ նախագահի մասով ամեն ինչ հստակ է, Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է՝ ընդգծելով՝ երբ որ Հրայր Թովմասյանը դադարի լինել ՍԴ նախագահ, արդեն նոր նախագահ կընտրվի նոր կարգով:
«Այո, գործող Սահմանադրությամբ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների կողմից, բայց Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է այն ժամանակ, երբ որ պաշտոնը թափուր է մնում: Հիմա այդ պաշտոնը թափուր չի մնացել: 2019 թվականի մարտին, այսինքն դեռևս հին իրավակարգավորումների ժամանակ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ նախագահ ԱԺ-ի կողմից, և նոր Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ ինքը շարունակում է պաշտոնավարել»:
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության դատական իշխանության վերաբերող գլուխը փոխվել է, և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել նոր սահմանադրության համապատասխան գլուխը, և ըստ էության, այդ անցումային դրույթները հստակ ենթադրում են, որ ՍԴ-ի պաշտոնավարող, այսինքն մինչ այդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված անդամները և նախագահը շարունակում են պաշտոնավարել այնքան, որքան որ նախատեսված է հին սահմանադրությամբ:
«Հիմա եթե Սահմանադրական դատարանի անդամների մասով միարժեք չէ մոտեցումը, և այնտեղ օգտագործված է «սահմանադրական անդամ» եզրույթը, իսկ նոր սահմանադրությամբ արդեն «Սահմանադրական դատարանի անդամ» պաշտոն գոյություն չունի, այդ պաշտոնը կոչվում է ՍԴ դատավոր, այստեղ մի քիչ անմիարժեքություն կա. արդյոք ՍԴ-ի ադամը և ՍԴ-ի դատավորը նույն բա՞նն են, թե՞ ոչ»:
Իոաննիսյանը նշում է, որ չի ցանկանում տպավորություն ստեղծի, որ ինքը պաշտպանում է Հրայր Թովմասյանին՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանին համարում է մի մարդ, ով որ շատ խիստ բացասական ներդրում է ունեցել Հայաստանի իրավական դաշտի կառուցման մեջ:
Ըստ Իոաննիսյանի՝ Հրայր Թովմասյանի գրած սահմանադրությունը, բացի իր ոչ ժողովրդավար բնույթից, նաև ուղղակի բավականին փնթի գրված սահմանադրություն է:
«Ես սպասում եմ այն օրվան, երբ որ Հրայր Թովմասյանն այլևս չի լինի ՍԴ նախագահ, բայց միաժամանակ Սահմանադրությունը պետք է հարգել: Չի կարելի Սահմանադրությունը մեկնաբանել անհեթեթ ձևով միմիայն այն բանի համար, որ Հրայր Թովմասյանից ձերբազատվենք»,- հավելեց Իոաննիսյանը:
Ալինա Սիմոնյան
The post «Չի կարելի Սահմանադրությունը մեկնաբանել անհեթեթ ձևով միմիայն այն բանի համար, որ Հրայր Թովմասյանից ձերբազատվենք». Դանիել Իոաննիսյան appeared first on ԳԱԼԱ.