Թբիլիսիում ցուցարարները սուլոցներով են դիմավորել նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածուին
Թբիլիսիում մեկնարկել է երկրորդ լայնամասշտաբ հանրահավաքը նախօրեին տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերից հետո: Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ելույթ են ունենում ընդդիմադիր գործիչները: Ինչպես հաղորդում է «Սպուտինիկ Վրաստան» գործակալությունը, ցուցարարները սուլոցներով են ընդունել Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեին, որը փորձել է ելույթ ունենալ ցուցարարների առաջ:
«Երեկ այս իշխանությունը մեզ ցույց տվեց իր դեմքը: Մեր պահանջները նույնն են մնում. Գախարիայի (երկրի ՆԳ նախարար- Tert.am) հրաժարականը, համամասնական ընտրություններ, որոնք ժողովրդին հնարավորություն կտան ընտրելու այն իշխանությանը, որը ցանկանում եք»,- ասել է Վաշաձեն, որին հավաքված բազմությունը մի քանի անգամ ընդհատել է սուլոցներով։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում մեկնարկել են Վրաստանի խորհրդարանում ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, որը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բացել է վրաց խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Դա հարուցել է վրաց ընդդիմադիրների զայրույթը: