Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներն օբյեկտիվորեն մեծ չէին, և արդյունքներն էլ ճեղքում չարձանագրեցին. Կ. Բեքարյան (տեսանյութ)
Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներն օբյեկտիվորեն մեծ չէին, և արդյունքներն էլ ճեղքում չարձանագրեցին: Այդ մասին «Հայացք Երևանից․ Երկրագունդ» հեռուստահաղորդման շրջանակներում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարի՝ հանդիպմանը չմասնակցելու փաստին՝ վերլուծաբանը նշել է, որ միջնորդներն էլ են հասկացել, որ հանդիպումն արդյունքներ չի արձանագրելու, և ԱՄՆ-ն չի ցանկացել անգամ իմիջային տեսակետից այնպիսի ռեսուրս դնել այդ հանդիպման վրա, ինչպիսին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունն է: Նա ընդգծել է, որ բանակցություններն այսօր խնդիր ունեն և՛ բովանդակության, և՛ միջավայրի տեսանկյունից:
Ակնկալվում էր, որ հայկական կողմը փորձելու է օրակարգ բերել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Սակայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ դրանք չեն հիշատակվում: Այդ կապակցությամբ վերլուծաբանն ընդգծել է. «Մեկ տարուց ավել Հայաստանի իշխանությունների բոլոր գործողությունները նպաստել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն օրակարգից և սեղանից դուրս մղելու Ադրբեջանի ջանքերին: Միայն այսքան ժամանակ անց գիտակցվեց, որ դրանք հարկավոր է վերադարձնել, և հիմա դժվար թե դա հեշտ լինի: Եվ հարց է՝ կհաջողվի՞ արդյոք վերադարձնել»:
Հայտարարության մեջ անդրադարձը սահմաններին ինժեներա-շինարարական աշխատանքներին Բեքարյանն ամոթալի է համարում հայկական կողմի համար: «Քանի որ Դուշանբեում եղել է շատ ոչ կոմպետենտ, ռիսկերը հաշվի չառնող պայմանավորվածություն, հայկական կողմերը մնացել են այդ «պայմանավորվածության տակ» և չեն կարողացել արձագանքել Ադրբեջանի նախաձեռնած գործողություններին»,- պարզաբանել է նա: Ըստ Բեքարյանի, մեկ տարի անց դրա մասին խոսելը պատվաբեր չէ:
Անդրադարձ է կատարվել նաև հայտարարության մեջ տեղ գտած սուբստանտիվ բանակցություններին անցնելու թեզին: Վերլուծաբանն ընդգծել է, որ այս թեզը մի շարք մարտահրավերներ է պարունակում հայկական կողմերի համար, և հենց Ադրբեջանն է միշտ ջանքեր գործադրել սուբստանտիվ բանակցությունների անցնելու համար: Դրա ներքո Բաքուն ձգտում է մի շարք դիվիդենտներ շահել՝ հակամարտության բաղադրիչների առանձին-առանձին քննարկում, հրաժարում սկզբունքներից և անցում շրջանակային համաձայնագրին և այլն:
«Հայացք Երևանից․ Երկրագունդ» հաղորդումն ամբողջությամբ դիտեք ստորև․